«Տաշիր» բարեգործական հիմնադրամը վերականգնեց 7-րդ դարի վանական համալիրը

19.10.2018
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ամբողջությամբ ավարտին հասցրեց վերականգնման աշխատանքները և հավատացյալների առջև կրկին բացեց Հայաստանի Լոռու մարզի Արդվի գյուղի Սբ. Հովհաննես Օձնեցու վանական համալիրի դռները:
Վանական համալիրը 7-րդ դարի հայկական ճարտարապետության հուշարձան է, որն իրենից ներկայացնում է վանական շինությունների ճարտարապետական միասնական անսամբլ: Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ Մշակույթի նախարարության հետ համաձայնեցված վերականգնողական աշխատանքներն սկսվել էին 2018թ. գարնանը: Սրբավայրը քայքայման եզրին էր, որի առնչությամբ էլ որոշում կայացվեց ամբողջովին քանդել և կրկին կառուցել վանքի զանգակատունը, փոխարինել քարե գմբեթը, վերանորոգել բեմը և բարեկարգել այն հատվածը, որտեղ գտնվում է Սուրբ Հովհաննես Օձնեցու գերեզմանը:

Վանական համալիրի բացումը, ուր ամեն տարի այցելում են հազարավոր ուխտագնացներ, կարևոր իրադարձություն է Հայաստանի հավատացյալների համար: Վանքում իրենց վերջին օրերն են անցկացրել և հենց այստեղ էլ թաղվել են երեք հայ կաթողիկոսներ, ինչպես նաև Հայաստանի եկեղեցական առաջին կանոնագրքի, բազմաթիվ շարականների հեղինակ, Հայ Առաքելական Եկեղեցու 34-րդ կաթողիկոս Սուրբ Հովհաննես Օձնեցին:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել Հայաստանի տարածքում գտնվող հոգևոր ժառանգության օբյեկտների վերականգնմանը: Հիմնադրամի կողմից իրականացվող նշանակալից նախագծերից է Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածին քաղաքում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրի վերանորոգումը:
Назад к списку новостей